«Ես իրենց խոստանում եմ՝ այս ամեն ինչը շատ հեշտ չի մարսվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանին ու քաղաքապետին:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք
լրատվական խմբագրություններ ծանուցումներ են ուղարկվել այն մասին, որ պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող այդ տարածքը:
Ըստ Անժելա Թովմասյանի, երբ ստացել են այդ տարածքները, պայմանը հետևյալն է եղել, որ իրենք՝ այսինքն տարածքը զբաղեցնողները որոշակի գումար են ներդնում, վերանորոգում դրանք և երկու տարի անհատույց տնօրինում:
Նրա խոսքերով՝ նշյալ պայմանը հաստատվել է Երևանի անագանու կողմից:
«2008 թվականին, երբ երկրում բավականին թեժ իրավիճակ էր, այս ակումբն անընդհատ հնարավորություն էր տալիս արտահայտվելու այսօրվա վարչապետի թիմին, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին, ինչի դիմաց այդ ժամանակվա իշխանություններից ստացանք «նվեր»: Հրահանգ իջեցվեց մի շարք լրատվամիջոցների, որ այլևս մեզ չլուսաբանեն: Այսինքն՝ բոյկոտում էին մեր աշխատանքը երկու-երեք ամիս շարունակ»,- հիշեցրեց Ա. Թովմասյանը՝ հավելելով, որ անգամ այդ ժամանակ ոչ մեկի մտքով չի անցել լրատվամիջոցներին տրված տարածքները ետ վերցնել:
«Հայելի» մամուլի ակումբի ղեկավարը նշեց, որ ստեղծված կիրավիճակի հետ կապված ակնկալում է Հայաստանում եվրոպական մի շարք երկրների և ԱՄՆ դեսպանի արձագանքին:
Նա ընդգծեց, որ մի շարք խմբագիրներով պատրաստվում են Երևանի քաղաքապետի որոշումը դատական կարգով վիճարկել:
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»