Փոփոխվելու է ԶԼՄ-ներին տարածքներ հատկացնելու կարգը․ Հետք

«Արմինֆո» լրատվական գործակալությունը երկու օր առաջ նամակ է ստացել պետական գույքի կառավարման կոմիտեից, որ մեկ ամսից պետք է լքի Իսահակյան 28 շենքում զբաղեցրած իր տարածքը: Լրատվամիջոցին այլ տարածք տեղափոխելու առաջարկ չի արվել, իսկ գործակալությունն այժմ ունի 26 աշխատակից, որոնց այլ տարածք տեղափոխելու որևէ այլընտրանք չունի, — տեղեկացնում է hetq.am-ը:

«Հետք»-ի հետ զրույցում «Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանն ասաց՝ նամակում նշվել է, որ պետգույքի կառավարման կոմիտեի նախաձեռնությամբ՝ փոփոխություն է կատարելու կառավարության՝ 2011 թվականի որոշման մեջ, որով ԶԼՄ-ներին հնարավորություն է տրվելու անհատույց կարգով պետական որոշ շենքերում տարածք զբաղեցնել՝ վճարելով միայն սպասարկման վարձը: Մկրտչյանի տեղեկացմամբ՝ այդ շենքում չորս սենյակ են զբաղեցնում արդեն 20 տարի և ամսական որպես սպասարկման գումար 100 հազար դրամ վճարում:

«Ուրիշ բան է` եթե իրենք գան, ասեն՝ պետության համար ձեր չորս սենյակը մեզ շատ է անհրաժեշտ, և ձեզ նույն հիմունքների վրա տալիս ենք ինչ -որ տեղ մամուլի շենքում: Խոսեցի պետական գույքի կառավարման կոմիտեի վարչության պետի հետ, չեմ հիշում նրա ազգանունը, ասեցի՝ բա ի՞նչ անենք, գնանք ավտոտնակ վարձե՞նք, ասում է՝ ինչ ուզում եք արեք, գնացեք ավտոտնակ վարձեք: Սա ցինիզմի աստիճան է»,- նշեց Մկրտչյանը:

Գործակալության տնօրենի խոսքով՝ եթե կառավարությունը որոշի փոփոխություն կատարել 2011 թվականի այդ որոշման մեջ, դա արդեն կարտահայտի իշխանության վերաբերմունքը չորրորդ իշխանության նկատմամբ: Էմանուիլ Մկրտչյանն ասում է՝ բոլորն էլ գիտեն, որ լրատվամիջոցները երկրի զարգացման գործում շատ մեծ դեր են կատարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ մասին խոսել է:

Ըստ Մկրտչյանի՝ «Արմինֆո» լրատվական գործակալությունը դեպի արտերկիր «տեղեկատվություն մատակարարելու գործում մեծ դեր ունի»:

Մկրտչյանը նախկինում խոսակցություններ է լսել, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այդ շենքի տեղում «չորս աստղանի» հյուրանոցային համալիր կառուցելու ցանկություն է ունեցել.

«Բայց երբ հեղափոփությունը եղավ, հասկացանք, որ երևի մեզ բոլորիս հանգիստ կթողնեն: Երբեք պարտք չենք ունեցել: Ամեն տարի մենք գնում էինք Հարկային, թուղթ էինք վերցնում, թե որքան աշխատակից է աշխատում մեզ մոտ և որքան եկամտահարկ է վճարում: Այդ թուղթը տանում էինք պետական գույքի կառավարման կոմիտե, որտեղ համոզվում էին, որ մենք լուրջ ԶԼՄ ենք, ոչ 1-2 համակարգիչ ունեցող
լրատվամիջոց, ավտոմատ ձևի երկարացնում էին այդ պայմանագիրը»,- ասաց գործակալության տնօրենը:

Նշենք, որ «Արմինֆո» լրատվական գործակալությունը գործում է 1991 թվականից:

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնեցին, որ «Արմինֆո» լրատվական գործակալությանը տարածքից չեն վտարելու։

Պարզաբանեցին, որ լրատվամիջոցին անհատույց կարգով տրված տարածքի պայմանագրի ժամկետը ավարտվել է, և նոր պայմանագիր չի կնքվել, քանի որ տվյալ կարգին վերաբերող կառավարության 2011 թվականի որոշման մեջ փոփոխություններ են կատարվելու։

Կոմիտեի հաղորդմամբ՝ նման ծանուցագրեր ուղարկվելու են Իսահակյան 28 հասցեի շենքում և Մամուլի շենքում տեղակայված այն լրատվամիջոցներին, որոնց հետ կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է կամ ավարտվելու է։

Պետական գույքի կառավարման կոմիտեից վստահեցնում են, որ կառավարության տվյալ որոշման մեջ փոփոխություն կատարելիս քննարկումներ են ունենալու այն լրատվամիջոցների հետ, որոնք պետական շենքերում անհատույց կարգով տարածք են զբաղեցնում։