Երեւանում անցկացվեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը

Լուսանկարում՝ Լրագրողների 9-րդ համաժողովի մասնակիցները ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՀՀ Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ Լուսանկարը՝ Մոսկվայի «Ժամ» ամսագրի

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Երևանում անկցացվեց «Հայոց պետականությունը և հայ լրագրությունը» խորագրով Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը:

Համաժողովի բացմանը Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գիրիգորյանը ներկաներին փոխանցեց նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Սիրով ողջունում եմ ձեզ նոր Հայաստանում և հայտնում եմ իմ խորին երախտիքը ձեր ներկայության և այն աջակցության, այն խանդավառության ու զորակցության համար, որ դուք ցուցաբերեցիք թավշյա հեղափոխության կայացման և սփյուռքյան լրատվամիջոցներում նրա ողջ ընթացքն ու փիլիսոփայությունը պատշաճ ներկայացնելու, լուսաբանելու գործում: Խորհրդանշական էր, որ հենց Հայոց պետականության վերակերտման 100-րդ տարեդարձի նախօրեին սկիզբ առած խաղաղ անհնազանդության շարժումը համազգային դրսևորում ստացավ: Սփյուռքը թև ու թիկունք դարձավ սիրո ու համերաշխության հեղափոխությանը, որը հաղթեց ողջ հայ ժողովրդի միասնական կամքով՝ սկզբնավորելով ազգային զարթոնքի, Հայոց պետականության ամրապնդման, երկրի իմիջը բարձրացնելու նոր փուլ»:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:

Համաժողովի աշխատանքները ընթացան 7 թեմատիկ նիստերով:

«Թավշյա հեղափոխության արձագանքները մամուլում» թեմատիկ նիստին ելույթ ունեցան Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը — «Սա Հայաստանն է և վերջ», Քուվեյթից լրագրող, հրապարակախոս Կիրակոս Կույումջյանը -«Խաղաղ յեղափոխութեան ծնունդ նոր Հայաստանը», Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը — «Թավշյա հեղափոխության չեխական արձագանքները, որոշ հատվածներ էլ գերմանական մամուլից», ՀԲԸՄ ՀԵԸ Լիբանանի մամլո գրասենյակի պատասխանատու Ահարոն Շխրտմյանը — «Թավշյա յեղափոխութեան գաղափարախոսութիւնը եւ սփիւռքը», Իրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը — «Թավշյա հեղափոխության անդրադարձը միջազգային մամուլում և նրա քաղաքական նշանակությունը», «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը — «Թավշյա հեղափոխության» հրապարակայնացման և հանրայնացման գործիքների և տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկությունները» և Հունաստանի «Հայաստան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դավիթ Այվազյանը — «Թավշյա հեղափոխության անդրադարձը սփյուռքի քաղաքական և հասարակական կյանքում»:

Երկրորդ նիստի թեման էր «Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծումը և հայ լրագրությունը», որտեղ ելույթ ունեցան «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը — «Առաջին հանրապետության տարեկիցը. անցյալի, ներկայի և ապագայի լրատվամիջոց. Արմենպրես 100», Լիբանանի «Ծաղիկ» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Դյունյայանը — «Հայ գրական մամուլը` արիւնաբար մայր երակը Հայոց պետականութեան կերտման, ամրապնդման հոլովոյթին մէջ» և Հունաստանի «Ազատ Օր» օրաթերթի թղթակից Հովսեփ Բարազյանը — «Հայոց պետականութիւնը եւ հայ լրագրութիւնը»:
Երրորդ՝ «Հայ լրագրությունը խորհրդային միության տարիներին» թեմայով նիստին ելույթ ունեցան ԱՄՆ «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը — «Սփյուռքի հայ լրագրությունը խորհրդահայ 71 տարիներին» և «Պայքար» շաբաթաթերթի գործադիր տնօրեն Պայծիկ Գալաջյանը — «Խորհրդահայ մամուլի ազդեցությունը սփյուռքահայի ինքնության կերտման վրա»:

Համաժողովի առաջին օրվա վերջին՝ չորրորդ «Հայաստանի Հանրապետության անկախությունը և հայ լրագրությունը» թեմատիկ նիստին ելույթ ունեցան Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը — «Լրագրութիւնը առինքնող եւ վտանգաւոր ասպարէզ», Ռուսաստանի «ՀայՏեղեկատվաԿենտրոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի Ռուսաստանում և Աբխազիայում ներկայացուցչության ղեկավար Սաիդա Օհանյանը — «Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նոր օրը»:
Համաժողովի առաջին օրը եզրափակվեց Սփյուռքի և Արցախի լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների այցելությամբ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակ:

Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում շարունակվեցին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի աշխատանքները` ըստ թեմատիկ ուղղությունների:

Հինգերորդ նիստին ելույթ ունեցան Ռուսաստանի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը — «Մամուլ և պետականություն. պատմություն, օրինաչափություններ, միտումներ», Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը — «Հայաստանում և Սփյուռքում հայկական մամուլի խնդիրները», Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը — «Դեպի 2050` հայկական մամուլի լեզվական հարցն ու ընթերցողների թիվի նոսրացումը. խնդիրներ և լուծումների առաջարկներ», Արգենտինայի «Նոր դարաշրջան» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդո Նեստոր Բալյանը — «Մամուլի դերը և կարևորությունը Թուրքիայի` հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտողականության մեջ», Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը — «Արգենտինահայ մամուլի հիմնախնդիրները», Ռուսաստանի «Միաբան» տեղեկատվական պորտալի ղեկավար Վահան Բաբախանյանը — «Միաբան» նախագիծը: լրագրությունից դեպի արդյունավետություն», Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը «Արցախյան մամուլ. հին և նոր խնդիրներ» և ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը — «Հայաստանի բարեփոխումներն ու լրատվամիջոցների դերը սփյուռքի ներգրավման գործում:

Համաժողովի «ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունները» խորագրով 6-րդ նիստին, որին, որպես նիստավար, մասնակցում էր Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ելույթ ունեցավ Իրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը — «ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունները, Այո-ն և Ոչ-ը»: Նիստին ներկաները ներկայացրեցին մի շարք առաջարկություններ նախարարության հետագա ծրագրերի վերաբերյալ:
Հունիսի 1-ին համաժողովն ամփոփեց աշխատանքը «Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և հայ լրագրությունը» թեմատիկ նիստով, որին ելույթ ունեցան Չեխիայի «Օրեր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը — «Լրատվական համագործակցության մարտահրավերներ», Ֆրանսիայի «Լուսավոր Ավետիս» լրատվական կայքի թղթակից Տիգրան Փաշաբեզյանը — « Հայկական օրակարգի խնդիրները հայությանն ու Հայաստանին ուղղված ներկայի մարտահրավերների ու սպառնալիքների լույսի ներքո», Ռուսաստանի «Միաբան» տեղեկատվական պորտալի աշխատակից Յուլիա Գյուլոյանը — «Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում բնակվող հայրենակիցների հետ մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին», Ռուսաստանի «ՀայՏեղեկատվաԿենտրոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Արմեն Տեր-Սարգսյանը — «Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի հիմնախնդիրները կարող են լուծվել Հայկական հարցի լուծման միջոցով» և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը ներկայացրեց Մայր Աթոռի տեղեկատվական կայքերը:
Համաժողովի ավարտին քննարկվեց նաև Լրագրողների համահայկական հաամժողովների հետագա կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր:

Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը նշեց, որ համաժողովին մասնակցեցին Հայաստանից, Սփյուռքից և Արցախից 100-ից ավելի լրագրող 14 երկրից, որից 40-ը գլխավոր խմբագիր: Համաժողովին ընդհանուր առմամբ ելույթ ունեցավ 30 հոգի, հարակից ելույթներով և առաջարկներով հանդես եկան 50-ից ավելի մասնակից:

Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը աշխատանքային խմբի անունից շնորհակալություն հայտնեց համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար և նշեց, որ համաժողովը ևս մեկ հանգրվան հանդիսացավ համահայկական միասնական տեղեկատվական հարթակ ստեղծելու ճանապարհին:
Հունիսի 1-ին համաժողովի մասնակիցները հանդիպեցին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ կարևորում է սփյուռքահայ լրագրողների հետ նման ձևաչափով հանդիպումը, քանի որ նրանց շնորհիվ են նաև ուղերձներ փոխանցվում Սփյուռքի հայ համայնքներին: Կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ թավշյա հեղափոխությունից հետո կրթական ոլորտի բարեփոխումներն առաջնային են, և առկա է քաղաքական կամք՝ լուծելու և՛ այժմեական, և՛ ռազմավարական մոտեցում պահանջող խնդիրները: Այնուհետև նա պատասխանել է ներկաներին հարցերին:

Նույն օրը` երեկոյան, համաժողովի մասնակիցները հանդիպեցին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ողջունելով սփյուռքահայ լրագրողներին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ արտերկրի հայ լրատվամիջոցները մեծ ներդրում ունեն Հայրենիք-Սփյուռք կապերի ապրապնդման գործում: Նախարարը շեշտեց նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, որոնք լավ հնարավորություն են ընձեռում արտերկրում բնակվող հայրենակիցներին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին տեղեկացնելու առումով: ԱԳՆ ղեկավարը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ նշելով միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, մանրամասն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ներքաղաքական վերջին զարգացումներին։ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին նոր պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը: