«

Մոսկվայի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

IMG_2112-300x146Հուլիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016թ. ամենամյա մրցանակաբաշխության «ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած Մոսկվայի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորեց Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթում հաղթելու կապակցությամբ և բարձր գնահատեց ազգային ինքնությանը, մշակույթի պահպանմանը, նոր սերնդի ինքնաճանաչողությանն ուղղված ամսագրի ստեղծագործական խմբի և գլխավոր խմբագրի ջանքերը: Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց կարճ ժամանակահատվածում ամսագիրը  պահանջված, սիրված ու  սպասված դարձնելու համար և հավելեց, որ այն արագ ինտեգրվել է համահայկական տեղեկատվական դաշտին, ունի ինքնատիպ, հետաքրքիր ձեռագիր և հույս հատնեց, որ առաջիկայում «Ժամ»-ը նոր շարքերով, նոր ծրագրերով ավելի կհարստանա:

Աննա Գիվարգիզյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց. «2008 թվականից «Ժամ» ամսագիրը նվիրվածությամբ և ջանասիրությամբ կատարում է իր առաքելությունը: Ամսագիրը լույս է տեսնում Մոսկվայում, բայց սփռվում է աշխարհով մեկ: Տասնամյակի շեմին շատ խորհրդանշական, թանկ և ոգևորիչ է այս մրցանակը: Ամսագիրը մեկ մարդու աշխատանք չէ, հետևաբար պարգևը ոչ միայն իմն է, այլև իմ բոլոր գործընկերներինն է, աջակիցներինն ու հատկապես ընթերցողներինը, որոնք ամսագրի գոյության առաջին գրավականն են»