«

»

Նպատակներ

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցությունը` դա առաջին համահայկական լրատվական կառույցն է, որը փորձ է անում միավորել ամբողջ աշխարհում գործող հայկական լրատվամիջոցների ուժերը եւ մասնագիտական փորձը ի նպաստ համազգային խնդիրների պատշաճ լուսաբանմանը եւ լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանում պետականության եւ ժողովրդավարության կայացմանը եւ ամրապնդմանը:

Ընկերակցության անդամ, աշխարհի տարբեր երկրների հայկական զանգվածային լրատվամիջոցները, անկախ իրենց ուղղվածությունից եւ կուսակցական պատկանելիությունից, գործելու են համերաշխության սկզբունքով եւ միասնաբար Ընկերակցության շրջանակներում: Ընկերակցության գործունեության ընթացքում ի թիվս այլ արդյունքների, ստեղծվելու է նաեւ համահայկական լրատվության էլեկտրոնային մեծածավալ բաց շտեմարան, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական լրատվամիջոցների մասին տեղեկություններ պարունակող տվյալների շտեմարան:

Ընկերակցության ստեղծման նպատակն է`

1.Նպաստել աշխարհի հայկական լրատվամիջոցների միջեւ լրատվական համերաշխության եւ համատեղ աշխատանքի մթնոլորտի ձեւավորմանը, առնվազն երկու տարին մեկ անգամ կազմակերպել հայկական լրատվամիջոցների  մեծ համաժողովներ։

2.Ընկերակցության անդամների համատեղ եւ փոխհամաձայնեցված աշխատանքի միջոցով նպաստել համահայկական, ազգային նշանակության խնդիրների լուծմանը, կոորդինացնել հայկական մամուլի ուժերը ազգային նշանակություն ունեցող լոբիստական հարցերում, այդ թվում`

-աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին
-Ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը եւ աշխարհում խնդրի ճշգրիտ ներկայացմանը
-Հայաստան-Արցախ-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք տնտեսական, մշակութային եւ այլ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը
-Հաաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը
-Հայաստանում ժողովրդավարության կայացմանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջի ամրապնդմանը
-Հայաստանի տնտեսական հզորացմանը եւ միջազգային ներգրավվածության մեծացմանը

3.Նպաստել Հայաստանը որպես «Բոլոր հայերի Հայրենիք» գաղափարի արմատավորմանը թե’ Հայաստանում եւ թե’ Սփյուռքում

4.Նպաստել ազատ ժողովրդավարական Հայաստանի` համայն հայության գաղափարախոսական եւ մշակութային կենտրոն դառնալուն

5.Նպաստել հայկական մշակութային արժեքների պահպանմանը եւ տարածմանը

6.Նպաստել ընդհանուր համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը եւ լրատվության փոխանակման հնարավորությանը

7.Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստեղծել տեղեկատվական եւ մշակութային միասնական միջավայր, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը իրենց կտրված չզգալով հայկական մշակութային եւ հասարակական կյանքից, ցանկության դեպքում հնարավորություն ունենան մասնակցելու հայկական հասարակական, մշակութային եւ սոցիալական հարցերի քննարկմանը եւ լուծմանը:

8.Նպաստել Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության, լրատվամիջոցների դաշտի եւ նրանց նկատմամբ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը եւ ժողովրդավարական արժեքների սերմանմանը:

9.Նպաստել կայուն ժողովրդավար պետություններում ապրող սփյուռքահայերի փորձը Հայաստանում կիրառման գործընթացին

10.Ապահովել Ընկերակցության անդամ-լրատվամիջոցների շահերի պաշտպանություն

11.Ապահովել Ընկերակցության անդամների խորհրդատվական, տեխնիկական, մասնագիտական օժանդակություն

12.Նպաստել, որպեսզի հայկական լրատվամիջոցները, անկախ նրանց գործունեության վայրից, հետամուտ լինեն միջազգային ստանդարտներին համապատասխանող լրագրողական վարպետության եւ էթիկայի նորմերին

13.Իրականացնել սույն կանոնադրությունից բխող եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն: