«

»

Հայկական լրատվամիջոցների հինգերորդ համաժողովը

2010թ. հոկտեմբերի 12-16-ը «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ հայ լրագրողներ` շուրջ 200 լրագրող աշխարհի 26 երկրներից:

53880

Հոկտեմբերի 13-ին առավոտյան համաժողովի մասնակիցները ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, իսկ Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը ի հիշատակ արցախցի հերոս նահատակների կատարեց հոգեհանգստի շարական:

Այնուհետեւ Մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացավ համաժողովի բացումը: Այս համաժողովի աշխատանքներն առաջին անգամ հեռարձակվում են առցանց ռեժիմով: Բացման խոսքով հանդես եկան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, համաժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությունը փոխանցեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Վերջիններս իրենց խոսքում ընդգծեցին Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության կարեւորությունը եւ այս հիմնահարցի շուրջ գաղափարական եւ ազգային միասնությունը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ արեց լրագրողներին «բազմակարծիք եւ տարակարծիք լինելով հանդերձ միասնական լինել համազգային խնդիրների շուրջ, որոնք են. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդար լուծումը, Ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հզորացումն ու զարգացումը, մայրենի լեզվի, մշակույթի պահպանումն ոււ համախմբումը հայ եկեղեցու շուրջ»: Կարեւորելով տեղեկատվական պատերազմում հայ լագրողների դերն ու նշանակությունը` նախարարը կոչ արեց «պաշտպանողական դիրքերից դուրս գալ եւ անցնել հարձակման», քանի որ անցել են ժամանակները, երբ հայ լրագրողների նման պահվածքը կարող էր արդարացվել:

Զեկույցով հանդես եկավ «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ով իր զեկույցում եւս կարեւորեց Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունն ու հանուն դրա միասնական պայքարը:

Համաժողովի հոկտեմբերի 13-ի առաջին նիստը վարում էին ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան) և «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբօ Պողիկյանը (ԱՄՆ):

Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանի «21-րդ դարի մարտահրավերները, տեղեկատվական անվտանգությունն ու հայ լրագրությունը» թեմայով զեկույցը ներկայացրեց նույն թերթի լրագրող Արմինե Էլիազյանը: Նա մասնավորապես ասաց. «Հատկապես մեզ՝ ԶԼՄ-ի ներկայացուցիչներիս համար օրինաչափ հասկացություն է մամուլի հանրային ու հասարակաց միտք ձևավորել-ստեղծելու հանգամանքը: Եվ քանի որ այստեղ, այս զեկույցով խնդրո առարկա թեման «համահայկական նշանակութիյուն ունեցող հիմնախնդիրների լուսաբանման-քննարկմանն է վերաբերում, ուստի և անհրաժեշտ ենք համարում, որ համազգային ու պետական շահերից ելնելով՝ հայկական ԶԼՄ-ը պահպանելով հանդերձ իրենց սեփական դեմքը՝ ձեւով թե բովանդակությամբ ու ուղղվածությամբ, բայցևայնպես՝ տվալ նշանակության հիմնախնդիրների լուսաբանման ու քննարկման գեթ ընդհանրական հարցերում հանդես գան միասնական ու համընդհանուր դիրքորոշումներով»:

Հանրային Ռադիոյի լրատվական, քաղաքական և վերլուծական ծրագրերի պատասխանատու Կարեն Բեքարյանը զեկուցեց «Հայկական ԶԼՄ-ի դերը արտաքին քաղաքականության լուսաբանման գործում» թեմայով: Նա մասնավորապես անդրադարձավ Հայաստանի, Սփյուռքի և ԼՂՀ լրատվական դաշտերին` կոչ անելով լինել միասնական: Կ. Բեքարյանի կարծիքով Արցախի ձայնը ողջ աշխարհին լսելի դարձնելու համար անհրաժեշտ է զարգացնել ԼՂՀ լրատվական դաշտը: Իսկ Սփյուռքի հայկական լրատվամիջոցներին հորդորեց առավել մեծ ուշադրություն դարձնել ԼՂՀ հիմնահարցին` ճանաչման գործում հաջողություններ արձանագրելու նպատակով:

Հաջորդիվ «Արցախի հակամարտության ներկա փուլը և հայ լրագրողների հիմնախնդիրները» զեկույցով հանդես եկավ ՀՀ ժուռնալիստների միության փոխնախագահ Գրիգոր Ջանիկյանը: Նա Արցախի հիմնախնդիրներին քաջատեղյակ արցախցի լրագրողներին առաջարկեց թղթակցել Սփյուռքի հայկական լրատվամիջոցներին, որը հնարավորություն կտա առավել հանգամանորեն աշխարհին ներկայացնել Արցախը և նրա ներկա խնդիրները:

Իրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը հանդես եկավ «Մամուլ և ժողեվրդավարություն» թեմայով զեկույցով: Նա անդրադարձավ սփյուռքահայ տպագիր մամուլի ներկա վիճակին` շեշտելով, որ «Մամուլն իրենից մեծ ուժ է ներկայացնում, այն կարող է դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել»:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարսել Պետրոսյանը կարևորեց ԼՂՀ միջազգային ճանաչման գործում լրագրողների դերակատարությունը: Ըստ բանախոսի ԼՂՀ հիմնահարցում գրանցված նվաճումներում մեծ ներդրում ունեն թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի լրագրողները: Նա անդրադարձավ նաև քարոզչության ոլորտում Ադրբեջանի կեղծարար քաղաքականությանը:

Իսպանիայի «Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արարատ Ղուկասյանը` «Մամուլի դերը հայապահպանության և հայ ինքնության պահպանության գործում» թեմայով զեկույցում ներկայացրեց մամուլի անգնահատելի դերը Սփյուռքի հայ համայնքներում հայապահպանության, հայկական ազգային մշակույթի պահպանման և տարածման գործում:

«Արմեդիա» լրատվական գործակալության աշխատակից Աննա Մկրտչյանը հանդես եկավ «ԼՂՀ հիմնախնդիր, ամենօրյա պայքար նաև լրատվական դաշտում» թեմայով զեկույցով` առաջարկելով հենց Ստեփանակերտում ստեղծել քարոզչական տեղեկատվական-վերլուծական կենտրոն:

«Սփյուռքի մամուլի ներկա վիճակը և առկա հիմնախնդիրները» զեկույցում Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանն անդրադարձավ համաշխարհայնացման պայմաններում ազգային լեզվին և մշակույթին սպառնացող մարտահրավերներին: Նա կոչ արեց սերտացնել Հայաստանի, Սփյուռքի և Արցախի լրատվամիջոցների միջև կապը: Նա ներկայացրեց նաև Սփյուռքի հայ մամուլի կադրային խնդիրները:

Առաջին նիստն ավարտվեց Լիբանանի «Ռադիո Սևան»-ի ծրագրերի տնօրեն Վերա Սիսերյանի «Հանդուրժողականությունն ու հայ մամուլը» թեմայով զեկուցմամբ: Նա անդրադարձավ լրագրողական գործունեության ընթացքում հանդուրժողականության անհրաժեշտությանը:

Զեկուցումներին հաջորդեցին քննարկումներ, այլ ելույթներ, եղավ հարց ու պատասխան:

Համաժողովի 2-րդ նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան Հռիփսիմե Հարությունյանը (Հունաստան), Արթուր Հովհաննիսյանը (Վրաստան), Դավիթ Հակոբյանը (Հայաստան), Հակոբ Ասատրյանը (Չեխիա), Արա Սաղաթելյանը (Հայաստան), Արմեն Արեյանը (ԱՄՆ), Աստղիկ Ավետիսյանը, Սեդա Կվրյան-Հայրիյանը (ԱՄՆ), Նվեր Նալբանդյանը (Հայաստան) և այլք:

Հետաքրքրական էր այն փաստը, որ հնչած ելույթները կարծես ստիպում էին զեկուցողներին վերանայել իրենց արդեն իսկ պատրաստ ելույթները` շեշտադրումները տեղափոծելով գործնական հարթություն:

Այս նիստում հիմնական բանավեճը ծավալվել էր տեղեկատվական անվտանգության խնդիրների, հայեցակարգի և դրանց հնարավոր լուծումների, հայկական հեռուստաընկերությունների բացթողումների, մասնագիտացված լրագրողների պակասի, արբանյակային հեռարձակմամբ մանկական, կրթամշակութային որակյալ հաղորդաշարերի պակասի և նման թերացումների պատճառների, լրագրողական էթիկայի նորմերի պարբերական խախտումների և այլ հարցերի շուրջ:

Ելույթներին հաջորդեցին քննարկումներն ու հարցուպատասխանը:

Նիստի վերջում համաժողովի մասնակիցներին իրենց բարձրակարգ կատարումով հիացրեց ԼՂՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը:

2-րդ նիստից հետո Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցները հանդիպեցին ԼՂՀ Պաշտպանական բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:

Նա հետաքրքիր մանրամասներով ներկայացրեց արցախյան հերոսամարտի փառավոր պատմությունը, ԼՂՀ բանակի ներկան: Նախարարն իր խոսքում կարևորեց հայ ԶԼՄ դերն ու նշանակությունը տեղեկատվական պատերազմի ներկայիս փուլում, միաժամանակ կոչ անելով կուլ չգնալ ազերական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը` ջուր լցնելով հակառակորդի ջրաղացին, քանի որ նրանց նպատակը հենց ապատեղեկատվություն տարածելն է, ինչը հաճախ «հմտորեն» իրականացնում են հենց մեր լրատվամիջոցների անտեղյակության միջոցով:

ԼՂՀ Պաշտպանական բանակի գլխավոր հրամանատարը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին:

Հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի հոկտեմբերի 14-ի առավոտյան նիստին Ստեփանակերտ – Լոս Անջելես ուղիղ հեռուստակակամուրջի միջոցով համաժողովի մասնակիցներին միացան ամերիկահայ գործընկերները: Երևույթն ինքնին պատմական է, քանի որ նման միացում առաջին անգամ է իրականանում: Մասնակիցներն ընդհուպ կատակեցին, որ բարձր տեխնոլոգիաների դեմ անգամ շրջափակումն է անզոր: Հարավային Ամերիկայի հայ լրատվամիջոցները ներկայացնում էին Հայկ Ահարոնյանը ARTN-Shant հեռուստաընկերություն, Օշին Քեշիշյանը` «Արմենիան օբսերվեր» շաբաթաթերթ, Հարութ Սասունյանը` «Կալիֆորնիա Կուրիեր» շաբաթաթերթ, Ապո Ջաբարյանը` «Հայ կյանք» շաբաթաթերթ, Վահան Վահանյանը` «Նոր Հայաստան» օրաթերթ և Արմեն Դիլանյանը` ազատ լրագրող:

Փոխադարձ ողջույնից հետո ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց այն հինգ հիմնախնդիրները, որոնց շուրջ ինչպես ողջ հայությունն, այնպես էլ բոլոր հայկական լրատվամիջոցները պետք է լինեն միաբան: Դրանք են` Արցախյան հիմնահարցի արդար լուծում, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում, հայապահպանություն, մայրենիի, հայ մշակույթի պահպանում և Հայոց եկեղեցու շուրջ համախմբում:

Ներկաներն ու հեռուստակապի ամերիկյան մասնակիցները բուռն քննարկումներ ծավալեցին «ազատ և գիտակից մամուլ» և մրցակցային դաշտում սեփական դեմքն ունենալու, ապատեղեկատվություն չտարածելու և հակահայկական ապատեղեկատվությանը զոհ չդառնալու և այլ հարցերի շուրջ: Ներկաները շեշտեցին հայ լրագրության թերացումները` մասնավորապես այն, որ նույն խնդրի շուրջ տարաբնույթ մեկնաբանությունները արդյունք են տվյալ խնդրին լրագրողների անտեղյակության: Նրանք նաև փաստեցին, որ հայ լրագրողների մոտ ազգային խնդիրներում չկա և չի լինի տարակարծություն, իսկ ազատ մամուլ, ամենևին էլ չի նշանակում օտար ուժերի ձեռքում գործիք դառնալ, այլ հետևել պետական գերագույն շահին և ունենալ բարձր պատասխանատվություն, լինել ազատ` նշանակում է լինել խելամիտ:

Հեռուստակամուրջի մասնակիցները փաստեցին, որ օրեցօր պակասում է տպագիր մամուլի լսարանը` իր տեղը զիջելով հեռուստատեսությանն ու համացանցային կայքերին: Ուստի առավել անհրաժեշտ է շեշտադրել հեռուստատեսության դերը հասարակական կարծիք ձևավորելու գործում: Մասնակիցները կարևորեցին մի խումբ հարցեր, որոնցից են` Լեռնային Ղարաբաղում սեփական թղթակիցներ ունենալու անհրաժեշտությունը. հաղթանակած ժողովուրդն իրավունք չունի պարտվել տեղեկատվական պատերազմում: Բացի այդ, հրատապ համարվեց ԼՂՀ բոլոր ինստիտուտների հզորացումը, մասնավորապես` լրատվական դաշտը, Երևանի պետական համալսարանում հիմնել լրագրողների վերապատրաստման դասընթացներ, պատրաստել նեղ մասնագիտացմամբ լրագրողներ, ազգային խնդիրներում լինել միակամ, հանդես գալ կառուցողական քննադատությամբ, ստեղծել հայ լրագրողների համահայկական համացանց, ինչը մեծապես կնպաստի տեղեկատվության փախանակմանն ու ստուգության ապահովմանը:

Հեռուստակամուրջից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ Հայ լրագրողների 5-րդ համաժողովի «Հայկական տեղեկատվական դաշտը և համակարգման անհրաժեշտությունը» խորագրով հերթական նիստը: Նիստավարներն էին Հայաստանի Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը և ARTN-Shant հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլախչյանը:

Չորրորդ նիստի զեկույցների շարքը սկսեց Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Խաչիկ Շահինյան-Տարագճյանը «Ազատութեան ճգնաժամը լրագրական ոլորտեն ներս. մամուլը անկաշառ և անշահախնդիր դատավոր ըլլալու կոչուած է» թեմայով զեկույցով:

Այնուհետև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը զեկուցեց «ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Սփյուռքի ԶԼՄ-ի համագործակցության հնարավոր ուղիները» թեմայիով: Նա կարևորեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում լրագրողներ պատրաստելու գործում Սփյուռքի լրագրողոկան ներուժը օգտագործելու գաղափարը:

«Հայատառ մամուլի մարտահրավերները Ֆրանսիայում և Եվրոպայում» թեման ներկայացրեց Ֆրանսիայի «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր ժիրայր Չոլաքյանը: Նա իր զեկույցում ընդգծեց արդեն ժամանակավրեպ դարձած հասկացություններից հրաժարվելու անհրաժեշտությունը:

«Կիպրահայեր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը հանդես եկավ «Հայկական քարոզչությունը միջազգային մամուլում և հայկական ԶԼՄ-ի դերը քարոզչական պատերազմում: Սոցիալական ցանցերի, բլոգերների դերը հակահայկական քարոզչությանը հակադարձելու գործում» թեմայով զեկույցով:

«Ազատ և տեղեկացված հասարակության կայացումը որպես համահայկական խնդիր» թեմայով զեկուցեց Մամուլի ազգային ակումբի տնօրեն Նարինե Մկրտչյանը:

Զեկույցներին հաջորդեց հարց ու պատասխանի և քննարկումների մասը:

2-րդ նիստից առաջ համաժողովի մասնակիցները Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում հանդիպեցին ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Ղուլյանի, փոխխոսնակ Արթուր Թովմասյանի, խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Ազգային ժողովի խոսնակը լրագրողներին հանգամանորեն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնահարցը: Այս հիմնախնդիրն աշխարհին ճշգրիտ ներկայացնելու հարցում մեծապես կարեւորեց սփյուռքյան լրատվամիջոցների դերը: Պարոն Ղուլյանը հավանության արժանացրեց լրագրողների Լեռնային Ղարաբաղում լրատվական կենտրոն ստեղծելու առաջարկը, որից հնարավոր կլինի չմիջնորդավորված` անմիջական եւ օպերատիվ տեղեկատվություն ստանալ:

ԱԺ խոսնակը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին:

Հոկտեմբերի 14-ին կեսօրից հետո Հայ լրագրողների 5-րդ համաժողովը իր աշխատանքները շարունակեց Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Հերթական հինգերորդ նիստը նախագահում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նիստավարներն էին «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Զեկույցներով հանես եկան Մեդեա Աթյանը («Արմյանսկի վեստնիկ» ամսագիր, Ուկրաինա), Արմինե Նահապետյանը («Հույս» շաբաթաթերթ, Իրան), Արամ Աբրահամյանը («Առավոտ» օրաթերթ, Հայաստան), Մյասնիկ Խրիմյանը (ԱԹՎ-12 հեռուստաընկերություն, Վրաստան), Մանանա Կարապետյանը («Զրուցակից» պարբերական, Վրաստան) և Կիմ Գաբրիելյանը (Արցախի ժուռնալիստների միության նախագահ):

Զեկուցաբերները ներկայացրեցին Սփյուռքի հայկական համայնքներում հայապահպանության խնդիրները և հայ մամուլի դերը հայ ինքնության պահպանության գործում, ինչպես նաև անդրադարձան ԼՂՀ լրատվական դաշտի ընդհանուր վիճակին:

Ստեփանակերտ-Բեյրութ հեռուստակամուրջի միջոցով համաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտեցին Վարդան Թաշչյանը («Հայ մանկավարժ» հանդեսի խմբագիր), Ահարոն Շխրտմյանը («Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանը («Զարթոնք» օրաթեթրի գլխավոր խմբագիր), Սարգիս Նաջարյանը («Մասիս» ամսաթերթի գլխավոր խմբագիր), Ժիրայր Դանիելյանը («Կամար» թերթի գլխավոր խմբագիր) և Հակոբ Դունիայանը («Ծաղիկ» շաբաթաթերթի խմբագիր):

Հեռուստակամուրջի միջոցով Հայ լրագրողների 5-րդ համաժողովի մասնակիցները լսեցին նաև Հրաչ Քալսահակյանի ելույթը («Ազատ հայ» կայք էջ, ԱՄԷ), ինչպես նաև ծանոթացան քննարկվող հարցերի վերաբերյալ հրապարակախոս Կիրակոս Գույումջյանի տեսակետներին:

Հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» թեմայով հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի եզրափակիչ նիստը:

Ամփոփիչ ելույթներ ունեցան Արմեն Հարեյանը (ԱՄՆ), Վահագն Գարագաշյանը (Կանադա), Ժասմին Վիլյանը (Հայաստան), Արարատ Ղուկասյանը (Իսպանիա) և այլք:

Այնուհետև Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը ներկայացրեց համաժողովի համակարգող խորհրդի կազմը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն ընթերցեց լրագրողների 5-րդ համաժողովի բանաձևը, որը քննարկվելուց և որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո ընդունվեց մասնակիցների կողմից:

Եզրափակիչ ելույթում նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնելով համաժողովի բոլոր մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար` նշեց, որ ամենագլխավորը միմյանց ճանաչելու, անմիջական շփում հաստատելու, համահայկական խնդիրների շուրջ տեսակետներ փոխանակելու, գործակցության հնարավոր ուղիներ նախանշելու փաստն է: Նա հատկապես կարևորեց մասնակիցների` համախմբված ու միասնական ուժերով աշխատելու պատրաստակամությունը:

Օրվա երկրորդ կեսին համաժողովի մասնակիցները եղան Արցախի զորամասերից մեկին կից զորավարժարանում, որտեղ մեծ հետաքրքրությամբ դիտեցին տանկային գումարտակներից մեկի կրակային պատրաստության դասընթացը:

Այնուհետև հայ լրագրողներն այցելեցին Տիգրանակերտ և Գանձասար:

Հոկտեմբերի 16-ին Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին Հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին Գորիսում ընդունեց և պատասխանեց վերջիններիս հարցերին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Համաժողովի մասնակիցները մասնակցեցին նաև Գորիս քաղաքի 140 ամյակին նվիրված տոնակատարությանը, իսկ Երևան վերադարձի ճանապարհին հիացան Նորավանքի գեղեցկությամբ:

Հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովն ավարտեց աշխատանքները:

Համաժողովւ մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ մեր հին կայքի համապատասխան բաժնից: