»

Հայկական լրատվամիջոցների առաջին համաժողովը

Եւրոպահայ մամուլի առաջին ֆորում

Բրատիսլավա (Սլովակիա), Մարտի 21-23. 2002

Մարտի 21-23-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպահայ մամուլի առաջին ֆորումը կարեւորեց համահայկական տեղեկատվական ցանցի ստեղծումը:

Ֆորումի մասնակիցները որոշեցին իրականացնել հետեւյալ ծրագրերը` ստեղծել եվրոպահայ լրատվամիջոցների միասնական տեղեկատվական ցանց, համահայկական լրատվական կենտրոն` Հայաստանում եւ արտերկրում ապահովելու Հայաստան-Սփյուռք մշտական լրատվական կապը, ստեղծել եվրոպահայ լրագրողների մամուլի ակումբ, որը կմիավորի ոչ միայն հայ մամուլի ներկայացուցիչներին, այլեւ եվրոպական տարբեր լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներին, կազմել եւ հրատարակել Եվրոպայի հայ մամուլի տեղեկագիր, համագործակցել լրագրողների մասնագիտական կրթական-վերապատրաստման ծրագրերի հետ, նպաստել Հայաստան-Սփյուռք հեռուստատեսային հաղորդումների պատրաստմանը:

Ֆորումը որոշեց վերոհիշյալ խնդիրների իրականացման համար ձեւավորել մասնագիտական հանձնախումբ, որը 6 ամսվա ընթացքում կհամակարգի եւ Եվրոպայի Հայկական միությունների ֆորումին կներկայացնի կատարված աշխատանքների արդյունքը: Հանձնախմբի անդամներն են` Հակոբ Ասատրյան (Չեխիա, «Օրեր» ամսագրի խմբագիր), Արմեն Ամիրյան (Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն), Գեւորգ Զեյթունցյան (Կիպրոսի «Փարոս» թերթի լրագրող), Արա Քոչունյան (Թուրքիա, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր), Բորիս Նավասարդյան (Երեւանի Մամուլի ակումբի նախագահ), Կարո Հակոբյան (Շվեդիա, «Նոր Հորիզոն» ամսագրի խմբագիր) Տիգրան Հարությունյան (Հայաստան, «Նոյյան տապան» գործակալության տնօրեն), Աշոտ Գրիգորյան (Սլովակիա, «Նոյյան տապան» գործակալության ներկայացուցիչ), Հարություն Մանսուրյան (Հայաստան, «Ինտերնյուս» գրասենյակ):