«

»

Հայկական լրատվամիջոցների չորրորդ համաժողովը

Լրագրողների համահայկական 4-րդ համաժողովը կազմակերպել է Հայաստանի Ժուրնալիստների միությունը: Համաժողովի ֆինանսական հովանավորն է հանդիսացել ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցությունը համաժողովի կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել:

Ժուռնալիստների միության նախագահ ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց Ծաղկաձորում սեպտեմբերի 17-22-ը «Մեկ ազգ` մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում, «Աշխարհի հետ` մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» կարգախոսով անցկացված Համահայկական լրատվամիջոցների 4-րդ համաժողովի աշխատանքները

Համաժողովի աշխատանքներին 13 երկրներից ժամանած սփյուռքահայ 50 լրատվամիջոցների ներկայացուցիչներ են մասնակցել: Քննարկումները հանգեցրել են Հայաստանի եւ Սփյուռքում գործող լրատվամիջոցների մշտական կապն ապահովող տեղեկատվական կենտրոն եւ ցանց ունենալու անհրաժեշտությանը եւ առաջարկվել է Սփյուռքի նորաստեղծ նախարարության աջակցությամբ այդպիսի կենտրոն դարձնել ժուռնալիստների միությունը.
«Ինչումն է բանը, այսօր ոչ միայն հայաստանյան տպագրամիջոցները Սփյուռքի մասին լուրեր չեն տպագրում, այլեւ Սփյուռքի թերթերը միմյանց մասին տեղեկացված չեն: Դատապարտելի է, որ 21-րդ դարի տեխնոլոգիական հնարավորությունները չեն օգտագործվում այդ կապի ամրապնդման համար: Այսօր ես ունեմ արդեն բոլոր լրատվամիջոցների ցանկը, նրանց էլեկտրոնային փոստի հասցեները: Նրանց համար նաեւ «Ֆոտոլուր» գործակալության հետ պայմանագիր կնքելու հնարավորություն է ստեղծվել: Սրանք իհարկե միայն առաջին քայլերն են»:
Միությունը հետագա քայլերը ձեռնարկելիս չի հապաղելու. «Տեսնենք, թե ինչպես կլինի, քանի որ ֆինանսական լուծումներ էլ պիտի տրվեն, բայց մեր միությունը ամեն կերպ պիտի աջակցի, որպեսզի տեղեկատվական փոխանակությունը իրականություն դառնա»:
Բացի լրատվության փոխանակումից, կարեւորվել են նաեւ վելուծական հոդվածները. «Դրանց կարիքը շատ ունենք: Համաժողովը միահամուռ որոշում ընդունեց այն մասին, որ համահայկական լրատվամիջոցները պետք է համերաշխ լոբբինգ անեն Արցախի հիմնախնդրի եւ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այս հարցում անգնահատելի կլինի հատկապես օտարալեզու հայկական լրատվամիջոցների դերը»:
Համահայկական եւ համազգային մտածողության, արժեհամակարգի պահպանման, ազգային ինքնության վերասահմանման հարցերը նույնպես ուշադրության կենտրոնում են եղել: Որոշվել է պետպատվերով եւ մեծ տպաքանակով տպագրել համահայկական մամուլի ողջ պատմությունը, անկախ քաղաքական ուղղվածությունից, ու տարածել նաեւ Սփյուռքում:
Առաջարկվել է Սփյուռքում նույնպես ստեղծել մամուլի ակումբներ: Երիտասարդ սփյուռքահայ լրագրողների պակասը զգալի է, ուստի հայրենիքում երիտասարդների կրթության եւ վերապատրաստման հարցերն էլ են քննարկվել. «Շատ եմ կարեւորում նաեւ, որ ոչ հայկական, այլ օտար թերթերում ունենանք հայազգի շնորհալի լրագրողներ: Նաեւ առաջարկ եղավ, այսպես կոչված, «մամուլի դեսպանների» այցելություն կազմակերպել Հայաստան: Մեր կառավարությունը պետք է աշխատի, որպեսզի օտար երկրների լրատվամիջոցները հաճախակի լինեն Հայաստանում ու տեսնեն ինչպիսին է մեր երկիրը»:
Համաժողովը իր աշխատանքները ավարտեց բանաձեւի ընդունմամբ, որը ներառել է բոլոր խնդիրները. «Այդ բանաձեւն ընդամենը ապագա ծրագրերի համար հիմք է: Ավելի կոնկրետ ժամանակացույցով, հասցեով քննարկումները կորոշեն մեր վաղվա անելիքները: Հենց այն փաստը, որ համաժողովի հյուրերին վարչապետը ընդունեց, իսկ նախագահը հարմար գտավ, որ պատվիրակները մասնակցեն Անկախության օրվան նվիրված ընդունելությանը, նշանակում է, որ մեր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Սփյուռքի հետ կապերին»,- գտնում է Ա.Գեւորգյանը:
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ