ՀՀ սփյուռքի նախարարության նոր մասնաշենքում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի անդրանիկ նիստը

0391ba6f48   Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության նոր մասնաշենքում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նիստը վարում էր համակարգող խորհրդի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Օրակարգում էին Լրագրողների 8-րդ համաժողովի խորագրի որոշման, անցկացման վայրի, օրվա, զեկույցների թեմատիկայի, ինչպես նաև 2016թ. «Սփյուռք ամառային դպրոց»-ի լրագրողների վերապատրաստման դասընթացի կազմակերպման և ծրագի հետ կապված հարցերը:

Նիստին հեռակապով մասնակցում էին Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, ԱՄՆ-ից լրագրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվառյանը և Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:
b7b8ecd2ba
Ողջունելով նիստի բոլոր մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ նշեց, որ համահայկական 8-րդ համաժողովը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյա հոբելյաններին: «Ուստի 8-րդ համաժողովի համար լավագույնը կարելի է համարել «Հայոց պետականությունը միասնականության առանցքն է» խորագիրը,- նշեց նախարարը՝ առաջարկելով համաժողովն անցկացնել հոկտեմբերի 21-24-ը՝ Երևանում և Ստեփանակերտում:

af5e59b5ecՇնորհավորելով նախարարին և նախարարության ողջ անձնակազմին՝ նոր և հարմարավետ մասնաշենք տեղափոխվելու առթիվ՝ Շահան Գանտահարյանը մաղթեց արգասաբեր աշխատանք: Այնուհետև համակարգող խորհրդի նիստի նախագահը նշեց, որ համամիտ է ՀՀ սփյուռքի նախարարի հետ՝ համաժողովի խորագրի, անցկացման օրվա և վայրերի վերաբերյալ: «Մենք պետք է ժամանակին և հետևողականորեն գումարենք համակարգող մարմնի նիստերը՝ համաժողովի աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով», — նշեց Գանտահարյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեցին, որ իրենց կառույցները նույնպես բոլոր ջանքերը կներդնեն համաժողովը պատշաճ կազմակերպելու համար:

Հեռակապով նիստին մասնակից խմբագիրները նույնպես ողջունեցին համաժողովի անցկացման վերաբերյալ ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկությունները և հավաստիացրին, որ իրենց լրատվամիջոցներում ընթերցողներին պարբերաբար կիրազեկեն համաժողովի մասին:

2016թ. «Սփյուռք ամառային դպրոց»-ի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասին խոսեց դպրոցի նորանշանակ ղեկավար, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս տարի շեշտն առավելապես դրվելու է գործնական աշխատանքների վրա: «Ստեղծվել և գործում է դպրոցի dss.am կայքը, որտեղից կարելի է ամբողջական տեղեկատվություն ստանալ դպրոցի բոլոր 6 դասընթացների մասին», — հավելեց դպրոցի ղեկավարը:
992b1ca9c
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ Սփյուռքի լրատվամիջոցները կաջակցեն դպրոցի Լրագրողների դասընթացի մասնակիցների թիվը մեծացնելու և աշխհարագրությունը ընդլայնելու ուղղությամբ` իրենց կայքերում մշտապես տեղադրելով «Սփյուռք» ամառային դպրոցի մասին հայտարարությունները: