«

»

Հոկտեմբերի 20-24-ը տեղի կունենա Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը

OLYMPUS DIGITAL CAMERA

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, 2016թ. հոկտեմբերի 20-22-ը՝ Երևանում, հոկտեմբերի 23-24-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, կազմակերպում է «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որին կարող են մասնակցել Հայաստանի, Սփյուռքի և Արցախի լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ, օտարալեզու հայկական ԶԼՄ-ներում, ինչպես նաև ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողներ:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի թեմատիկ ուղղություններն են`

Սփյուռքի ներգրավման միջոցները ՀՀ պետականաշինության աշխատանքներում

ՀՀ դիվանագիտական — Սփյուռքի հասարակական կազմակերպություների համագործակցության ուղիները

Տեղեկատվական միացյալ համակարգի նախադրյալները և համապատասխան մեխանիզմները

Համահայկական ներուժի հավաքագրում և ուղղորդում դեպի Հայոց պետականության ամրապնդում

Սփյուռքյան կառույցները կամուրջ ՀՀ և տարբեր պետությունների հարաբերությունների զարգացման գործում

Սփյուռքը ՀՀ-ին զորակից` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներում

Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները և հետագա անելիքները

Խրախուսվում է նաև ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցությունը վերոնշյալ համաժողովին, քանի որ աշխատելով օտար ԶԼՄ-ներում` նրանք առավել մեծ հնարավորություն ունեն ձևավորելու տվյալ երկրի հանրության կարծիքը հայկական իրականության վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում Դուք կարող եք բազմակողմանի տեղեկություններ քաղել Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի և Սփյուռքի Ձեր գործընկերներից: Հնարավորություն կունենաք հանդիպել ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, կայցելեք ՀՀ և ԼՂՀ պատմամշակութային վայրեր…

ՀՀ սփյուռքի նախարարությունը հոկտեմբերի 20-24-ը կհոգա գիշերակացի և սննդի ծախսերը:

Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը հաստատել Ձեր կամ Ձեր աշխատակցի մասնակցությունը համաժողովին հետևյալ էլեկտրոնային հասցեով info@mindiaspora.am, ինչպես նաև, ցանկության դեպքում, առաջարկել զեկուցման համար Ձեր թեման` հաշվի առնելով համաժողովի օրակարգը: