«

»

Հայկական լրատվամիջոցների վեցերրորդ համաժողովը

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2012թ. հոկտեմբերի 4-6-ը Երևանում և Աղավնաձորում կայացավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ` 107 լրագրող աշխարհի 22 երկրից:

Հոկտեմբերի 4-ին Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը:

Բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին և կարևորեց յուրաքանչյուրի ներդրումն ու մասնակցությունը համաժողովում` հորդորելով ավելի տեսանելի և լսելի դարձնել հայկական խնդիրները ամբողջ աշխարհում: Հայաստանի և Սփյուռքի լրագրողների ուշադրությունը հրավիրելով հիմնական 3 ուղղությունների վրա` նախարարը նշեց. «Հայոց ցեղասպանությունը այսօր ճանաչել են առաջադեմ երկրները: Սակայն չկա մի երկիր, որը չի հավատում, որ 1915 թվականին ցեղասպանություն է եղել: Այլ խնդիր է, թե որոշակի նպատակահարմարություններից ելնելով` պաշտոնապես երբ կճանաչեն այն: Մեր խնդիրն է համայն աշխարհին հավատացնել, որ դա ցեղասպանություն էր ոչ միայն հայերի նկատմամբ, այլև ոճիր` ուղղված համայն մարդկությանը: Այսօր Թուրքիան երկփեղկվել է. Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերն ու եղելություններն այնքան ակնհայտ են, որ առաջադեմ մտավորականները, գիտնականներն ու գործիչները համակարծիք են, թե պետք է մաքրել պատմության փոշին, ասել ճշմարտությունը: Այս մարդիկ և նրանց գործունեությունը ևս, պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն: Մենք այսօր խոսում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերի մասին, սակայն պետք է այս իրողությանը գումարենք նաև այն սոցիալական ու հոգեբանական խնդիրները, որի առջև` երևույթի չդատապարված և չհատուցված լինելու պատճառով, կանգնում են ցեղասպանություն ապրած մարդն ու իր սերունդները: Թուրքերը հույս ունեն, որ ժամանակը կմոռացնի ամեն բան, սակայն մենք պիտի միավորվենք: Ցեղասպանություն վերապրողների 3-րդ և 4-րդ սերունդներն առավել պահանջատեր պիտի լինեն»:

Ընթերցվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ուղերձները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի և Տեր Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոսի օրհնության խոսքերը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո համաժողովի մասնակիցները այցելեցին ՀՀ կառավարություն` լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հատկացված դահլիճից հետևելու ՀՀ կառավարության նիստին:

Մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Այնուհետև լրագրողները մեկնեցին Աղավնաձոր, որտեղ կայացավ համաժողովի առաջին նիստը` «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը» թեմայով:

Երեկոյան ներկաները մասնակցեցին Լ.Ավետիսյանի «Ուրբաթագիրք», Ֆ.Աֆրիկյանի «Այբ Բեն Գիմ» և Մ.Աթյանի «Հայ տպագրական խոսքը Ուկրաինայում» գրքերի շնորհանդեսին:

Դիտեցին ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ նկարահանված «Իմ Հայաստան» ֆիլմը:

Հոկտեմբերի 5-ին Աղավնաձորում կայացավ համաժողովի «Հայոց ցեղասպանությունն ու հայ լրագրությունը», «Հեռուստատեսությունն ու ռադիոն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում» և «Հայոց ցեղասպանության հիմնախնդրի արծարծումը միջազգային մամուլում» թեմաներով նիստերը:

Համաժողովի 2-րդ օրը ներկայացվեցին թուրքական մամուլի հակահայկական պրոպագանդայի դիմագրավմանն առնչվող հարցեր: Քննարկվեցին այն մարտահրավերները, որոնք սպառնում են Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը վերաբերող տեղեկատվությունը միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:

Կարծիքներ հնչեցին, որ արդիական խնդիր է զուտ տեղեկատվական բնույթի հոդվածները վերլուծական հավաստի փաստերով հագեցած նյութերով փոխարինելը: Անհրաժեշտություն կա օգտագործել հեղինակավոր գիտնականների ուսումնասիրությունները, տեսակետները, արդեն իսկ հայտնի փաստերը:

Կարևորվեց նաև համացանցի հնարավորությունները ճիշտ օգտագործելու հարցը: Ներկայացվեցին մեթոդներ, որոնք հատկապես Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև Հայսաստանի մասին տեղեկատվությունն ու հոդվածները առավել մատչելի կդարձնեն որոնողական համակարգերում` հասանելի դառնալով առավել լայն հանրությանը:

Համաժողովի մասնակիցները Ցեղասպանությանը վերաբերող տեղեկատվության հասանելիությունը և տարածման հնարավորությունները դիտարկեցին տարբեր երկրների օրինակներով` հաշվի առնելով տարբեր երկրների մշակութային և հասարակական առանձնահատկությունները: Կարևորվեց նաև տարբեր երկրների հայ համայնքների դերն ու աջակցությունը:

Համաժողովի մասնակիցները, որպես գործնական քայլեր, որոշեցին առավել ինտենսիվ ու նպատակաուղղված դարձնել Հայոց Հարցին վերաբերող հրապարակումները, անդրադառնալ պատմական իրողություններին, ինչպես նաև Ցեղասպանությունն ապրած մարդկանց սերունդների պատմությանը, այն բոլոր պատմական ու քաղաքական իրողություններին, մշակութային, սոցիալական ու հոգեբանական խնդիրներին, որոնք Ցեղասպանության հետևանքն էին և թողեցին իրենց հետքը համաշխարհային պատմության մեջ:

Մասնակիցները միակարծիք էին, որ անհրաժեշտություն կա ճիշտ օգտագործել աշխարհասփյուռ հայ լրագրողական մտքի ներուժը` լավագույնս ներկայացնելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հիմնահարցը:

Երեկոյան Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

«Նման հավաքները մենք պետք է խրախուսենք և այս գեղեցիկ ավանդույթը պետք է անպայման շարունակվի: Պատահական չեն ասում՝ ով կառավարում է վիրտուալ աշխարհը, կառավարում է իրական աշխարհը: Ինչը փաստում է, որ լրագրողները գտնվում են «պատերազմի» առաջին ճակատում: Նրանք ովքեր կկարողանան մարդկանց ուղղորդել իրենց գաղափարներով, իրենց հոդվածներով, մեկնաբանություններով, նրանք էլ կկարողանան ուղղորդել և կառավարել ժամանակակից աշխարհը:

Տեղեկատվական դաշտում պայքարը տարեցտարի ավելի սուր է դառնում, և պարտավոր ենք ձեզ հետ միասին ազգային կարևոր խնդիրները վեր հանել և համախմբված հանդես գալ, քանի որ մեր հակառակորդը, թշնամին բավականին մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական դաշտում, տեղեկատվական պատերազմում հաղթելու համար: Օգտագործում է բոլոր միջոցները, այդ թվում նաև՝ անթույլատրելի: Միասին պարտավոր ենք մեր խոսքը և մեր ճշմարտությունը հասցնել բոլորին: Այս տեսակետից, ուզում եմ ասել, որ դուք իրականում չափազանց պատասխանատու ճակատում եք աշխատում: Ձեր արհեստավարժությունից, ձեր օպերատիվ աշխատանքից շատ բան է կախված: Դուք տեղեկատվություն տալիս եք ոչ միայն աշխարհին, այլ նաև՝ մեզ: Ձեր վերլուծություններով, քննադատությամբ բացահայտում եք այն խնդիրները, որոնք առկա են և ցույց եք տալիս այն ուղիները, որով մենք պետք է գնանք առաջ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Հանրապետության վարչապետը զրուցեց ներկաների հետ, պատասխանեց նրանց հարցերին: Շուրջ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին այն հիմնական ռազմավարական սկզբունքները, որոնք պետք է առաջնահերթ լինեն յուրաքանչյուր հայ լրատվամիջոցի գործելակերպում` դառնալով Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրությանը հավաստիորեն ներկայացնելու կարևոր գործոն:

Սփյուռքից ժամանած հյուրերը հանրապետության վարչապետին դիմեցին նաև հայաստանյան ներքաղաքական և հասարակական կյանքին վերաբերող իրենց հուզող հարցերով:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի համատեղ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության «Հայկական լրատվամիջոց» անվանակարգի մրցույթի մրցանակները:

Հոկտեմբերի 6-ին կայացավ համաժողովի վերջին հինգերորդ նիստը «Հակահայկական քարոզչությունը և հայկական ԶԼՄ-ի դերը քարոզչական պատերազմում, արդի տեխնիկական հնարավորությունները` համացանց, սոցիալական ցանցեր» թեման:

Այնուհետև համաժողովի մասնակիցները ընդունեցին Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի հայտարարությունը:

Նույն օրը համաժողովի մասնակիցները Աղավնաձորից վերադարձան Երևան և այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց սփյուռքահայ լրագրողների ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում: «Ես հետևել եմ համաժողովի աշխատանքներին և գտնում եմ, որ այն չափազանց կարևոր գործունեություն է իրականացնում: Ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի և հանրապետության ղեկավարության առաջնային խնդիրներից է: Այն ոչ միայն անհրաժեշտ է լոկ մեր ժողովրդին, այլև համայն հանրությանը` այսօր և հետագայում նմանաբնույթ ոճրագործություններից խուսափելու համար»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ լրագրողների հարցերին: Լրագրողների հետաքրքրության ու սրտացավության շրջանակը լայն էր: Նրանց հուզում էր հայկական զինված ուժերում հոգևորականների ծառայությանը, Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շփման գծում ադրբեջանական դիպուկահարների առկայությանն ու դրանց գործողություններին, բանակի մարտունակությանն ու սպառազիմնանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալների և պատվոգրերի արժանացրեց սփյուռքյան և հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների:

Հաջորդիվ համաժողովի մասնակիցներն այցելեցին ՀՀ ազգային ժողով՝ ծանոթանալու Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքային առօրյային և գործունեությանը: Սփյուռքահայ լրագրողներին ողջունեցին ՀՀ ԱԺ պատգամավորները, իսկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, կարևորելով սփյուռքյան մամուլի դերը Սփյուռքում դաստիարակվող մարդու աշխարհայացքի ձևավորման գործում, նշեց. «Բազմաթիվ հերոսներ սփյուռքյան մամուլի շնորհիվ են դաստիարակվել որպես հերոս: Այսօր բազմաթիվ են մարտահրավերները, և մենք պիտի միասնական լինենք՝ դիմակայելու դրանց, հասնելու Հայոց ցեղասպանության և ժխտողականության դատապարտմանը»:

Նույն օրը հայ լրագրողները հանդիպեցին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայությամբ շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ սփյուռքահայ լրատվամիջոցները մեծ դեր են խաղում Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև արտերկրում հայապահպանության գործում:

Պատասխանելով լրագրողների հարցերին` արտգործնախարարը մանրամասն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացը, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, Եվրոպական ընտանիքին մերձեցման քաղաքականությունը, արաբական, ասիական, լատինամերիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ՀՀ դերակատարությունը տարբեր միջազգային կառույցներում:

Երեկոյան համաժողովի մասնակիցներն այցելեցին Արամ Խաչատրյան համերգասրահ` ներկա գտնվելու ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում արգենտինահայ կոմպոզիտոր, «Արաքս» երգչախմբի հիմնադիր, խմբավար Ժան Ալմուխյանի 80 ամյակին և 55-ամյա երաժշտական գործունեության մեծարմանը նվիրված երեկոյին:

Arrow
Arrow
Slider

Կցված նյութեր`