Category Archive: Նորություններ

Մոսկվայի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

IMG_2112-300x146Հուլիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016թ. ամենամյա մրցանակաբաշխության «ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած Մոսկվայի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորեց Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթում հաղթելու կապակցությամբ և բարձր գնահատեց ազգային ինքնությանը, մշակույթի պահպանմանը, նոր սերնդի ինքնաճանաչողությանն ուղղված ամսագրի ստեղծագործական խմբի և գլխավոր խմբագրի ջանքերը: Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց կարճ ժամանակահատվածում ամսագիրը  պահանջված, սիրված ու  սպասված դարձնելու համար և հավելեց, որ այն արագ ինտեգրվել է համահայկական տեղեկատվական դաշտին, ունի ինքնատիպ, հետաքրքիր ձեռագիր և հույս հատնեց, որ առաջիկայում «Ժամ»-ը նոր շարքերով, նոր ծրագրերով ավելի կհարստանա:

Աննա Գիվարգիզյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց. «2008 թվականից «Ժամ» ամսագիրը նվիրվածությամբ և ջանասիրությամբ կատարում է իր առաքելությունը: Ամսագիրը լույս է տեսնում Մոսկվայում, բայց սփռվում է աշխարհով մեկ: Տասնամյակի շեմին շատ խորհրդանշական, թանկ և ոգևորիչ է այս մրցանակը: Ամսագիրը մեկ մարդու աշխատանք չէ, հետևաբար պարգևը ոչ միայն իմն է, այլև իմ բոլոր գործընկերներինն է, աջակիցներինն ու հատկապես ընթերցողներինը, որոնք ամսագրի գոյության առաջին գրավականն են»

Տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը

f79fc63140Փետրվարի 10-ին Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը, որին մասնակցեցին «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի թղթակից Ռուզաննա Ավագյանը:

Նիստին հեռակապով միացել էին «Խոսնակ» (Լիբանան) ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Օրեր» (Չեխիա) ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, «Զարթոնք» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Հորիզոն» (Կանադա) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքի լրագրողների ամենօրյա համակարգված աշխատանքը, միմյանց հետ անընդհատական կապը, գործուն արձագանքը նախարարության նախաձեռնություններին: Նախարարը հատկապես շեշտեց «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժման լայն տարածումը և համազգային արձագանքը: նա մասնավորապես նշեց. «Շնորհակալություն, որ Սփյուռքին ուղղված իմ նամակը տեղադրեցիք, կազմակերպեցիք միջոցառումներ, հարյուրից ավելի տեսահոլովակներ ստացանք, որտեղ հայտնի անհատներն իրենց խոսքն էին հղում Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ: Այս ամենը մեզ ուժ ու ոգևորություն հաղորդեց, որ 2017 թվականը հռչակենք Արցախի տարի»:

Նախարարն անդրադարձավ նաև Լապշինի արտահանձնման փաստին, առաջարկեց ավելի սերտացնել օտարալեզու լրատվամիջոցնորում աշխատող հայազգի լրագրողների հետ համակարգված աշխատաելու անհրաժեշտությունը:

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը նույնպես ողջունեց նիստի մասնակիցներին և նշեց, որ համակարծիք է նախարարի հետ և պետք է երկրորդի նրան, կարևորեց Լրագրողների ութերորդ համաժողովին հնչած կարծիքների և առաջարկների մանրամասն ուսումնասիրությունը:

Օրակարգի երկրորդ՝ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման և «2017 թվականը Արցախի տարի» հռչակվելու թեմայի լուսաբանումը սփյուռքյան լրատվամիջոցներում» հարցի վերաբերյալ զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Քննարկվեցին ընթացիկ հարցեր:

ԿՐԿԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀԱՐԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻՆ ՄԷՋ

img_9156Սփիւռքի նախարարութեան կազմակերպած մամուլի խորհրդաժողովը երկու օրով փոխադրուեցաւ Արցախ: Լսեցինք Հանրապետութեան նախագահը, ծանօթացանք նախարարներու: Անցանք գեղակերտ եւ աչքի խտիղ պատճառող Ստեփանակերտի փողոցներով, քաղաք՝ որ կը նմանի լեռներու գագաթին դրուած թանկագին քարի:

Գացինք մինչեւ Աղտամ, կանգ առինք Տիգրանակերտ՝ ուր պատմութիւնը կը խօսի քարերու լեզուով, տեսանք հայկական բանակի զօրքերը, երիտասարդներ եւ երէցներ, որոնք մեր փոխարէն հայրենատիրութիւն կ’ընեն, իրենց համար հայրենի հողը, լեռը, դաշտը, քաղաքը, զբօսաշրջիկի լուսանկար չեն, ոչ ալ տօնական օրերու ճառերու նիւթ: Read the rest of this entry »

Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները ամփոփեցին համաժողովի արդիւնքները (Տեսագրութիւն)

Հոկտեմբեր 26-ին ժամը 12.30-ին  «Նոյյան Տապան» Լրատուկան գործակալութե մամուլի սրահին մէջ տեղի ունեցաւ Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներուն ասուլիսը։

Թեման՝ «Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովը Երևանի եւ Արցախի մէջ . արդիւնքներու ամփոփում եւ յետագայ անելիքներ»։
Բանախօսներն են.
Տիգրան Հարությունյան — «Լրագրողներու համահայկական ընկերակցութեան» նախագահ
Շահան Գանտահարեան — «Լրագրողներու համահայկական ընկերակցութեան» համակարգող մարմինի անդամ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Շաքէ Մանկասարեան -Արաբական Միացեալ Էմիրութիււններ —  հայկական «Ռատիո Այգի» հիմնադիր եւ հաղորդավար
Համբիկ Մարտիրոսեան — Լիբանանի «Խօսնակ» ամսագիրի գլխագոր խմբագիր
Աննա Կապապետյան — Չեխիայի «Օրեր» լրատուական կայքի խմբագիր
Ասուլիսին լուսանկարները այստեղ
https://www.youtube.com/watch?v=Ekq7EKiwS_8

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը շարունակեց իր աշխատանքները՝ «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով

Հոկտեմբերի 21-ին Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը շարունակեց աշխատանքները «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով, որը վարեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հարությունյանը, Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանը:

1

«Սփյուռքի ուծացման ու ձուլման հոլովույթը» զեկույցով հանդես եկավ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, նա անդրադարձավ տարբեր ժամանակահատվածներում Սփյուռքի համայնքներում ուծացման գործընթացի պատճառներին և հետևանքներին, նշեց այն ուղիներն ու միջոցները, որոնցով հնարավոր է պայքարել այդ երևույթի դեմ:

2

Ռուսաստանի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը ներկայացրեց Ռուսաստանում հայապահպանությանն ուղղված ծրագրերը, իրականացվող աշխատանքները և այդ գործում լրատվամիջոցների դերակատարությունը:

Օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների տարածման գործում հայ պարբերական մամուլի դերին անդրադարձավ Իրանի «Համայնք» լրատվական ցանցի պատասխանատու Ռուբիկ Սարդարյանը:

«ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցները, համագործակցության ուղիները և համշենահայերը» թեմայով համապարփակ զեկույց ներկայացրեց Ռուսաստանի «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից Սաիդա Օհանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին համշենահայերին աջակցելու համար: «Սփյուռքի նախարարությունը մեծապես նպաստել է համշենահայերի՝ ազգային ինքնությանը վերադարձին և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործին»,- նշեց նա:5

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թղթակից Տոնիկ Տոնապետյանն անդրադարձավ ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման հարցին, նշեց այն գործիքները, որոնց կիրառմամաբ առավել արդյունավետ կդառնա այդ ներուժի համախմբումն ու ուղորդումը: Նա կարևորեց երկքաղաքացիության ինստիտուտի ընդլայնումը:6

Ֆրանսիայի «Լուսավոր Ավետիս» կայքի հիմնադիրների խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները հետագա անելիքները՝ Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում» զեկույցը:

Նիստի ավարտին ծավալվեցին քննարկումներ զեկույցներում արծարծված հարցերի շուրջ:

Մեր ներուժը, կապիտալը և ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Ողջունելով տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք նպաստում են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, առկա խնդիրների քննարկմանը, լրատվական ներուժի համախմբմանը:
Վարչապետն անդրադարձել է կառավարության գործունեության ծրագրին և նշել, որ նրանում մեծ տեղ է հատկացվել նաև Սփյուռքին և նրա ներուժի իրացմանը: Մասնավորապես, խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին, Կարեն Կարապետյանը նշել է. «Ընդհանրապես, կարծում եմ, որ այդ տարանջատումը շատ արհեստական է, որովհետև մեկս առանց մյուսի չենք կարող ապրել: Մեր ներուժը, մեր կապիտալը, մեր ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում: Ես ավելի քան վստահ եմ, որ Սփյուռքն իրեն միշտ ապահով և դիրքավորված կզգա, եթե ունենանք ուժեղ Հայաստան, և վստահ եմ, որ Հայաստանն առանց Սփյուռքի ներուժի շատ ավելի դժվար կհասնի այն երազներին, որոնք ունի: Այդ առումով, ուրախ եմ հանդիպել ձեզ, որովհետև պայմանականորեն կարող ենք ասել՝ դուք այն խովոկավն եք, կամուրջը, որը միավորում է հայկական աշխարհը»,- նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է Սփյուռքում հայկական զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը, որոնք պատշաճ և ժամանակին հայությանն են ներկայացնում Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող իրադարձությունները, փոխանցում այն ազդակները, որոնք ցանկանում են միմյանց հաղորդել Հայրենիքն ու Սփյուռքը:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է սփյուռքահայ լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, հայապահպանությանը և հիմնախնդիրների:
«Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին այս տարի մասնակցում է 65 խմբագրության ղեկավար: Համաժողովի նպատակն է համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը, լրատվական ներուժի արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայկական խնդիրների լուծման գործընթացում:

Arrow
Arrow
Slider

Երևանում մեկնարկած Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին մասնակցում են 140 լրագրողներ` աշխարհի 31 երկրներից

Երևանում մեկանարկեց Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը կրում է «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագիրը: Այն կազմակերպել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված համաժողովին այս տարի մասնակցում են 140 լրագրողներ` աշխարհի 31 երկրներից:
Երկօրյա համաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումն է, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայկական հիմնախնդիրների լուծման գործընթացում:
«Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս համաժողովը գնալով ընդլայնում է իր աշխարհագրությունը և մասնակիցների թիվը: Այս համաժողովի կարևորագույն առանձնահատկություններից է 65 խմբագրությունների ղեկավարներ են մասնակցում մեր աշխատանքներին, երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ռադիոժամերի, հեռուստաժամերի և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները ևս մեծաթիվ են»,- ասաց նա` հավելելով, որ «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով փորձում են համահայկական ցանցն առավել ընդլայնել ու մեծացնել:
Հ. Հակոբյանը ընթերցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օհնության խոսքը:
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ընթացքում քննարկվելու են ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման, ճգնաժամային պայմաններում համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերի ու լրատվամիջոցների համագործակցության ուղիների, հեռանկարների, տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներ և այլ հարցեր:
Երկօրյա համաժողովը հոկտեմբերի 23-24-ն իր աշխատանքները շարունակելու է նաև Արցախում:
Սփյուռքահայ և տեղական լրավտամիջոցների խմբագիրները թե Հայաստանում, թե Արցախում հանդիպումներ կունենան երկու հայկական պետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի, վարչապետներ` Կարեն Կարապետյանի և Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Համաժողովի մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան լինել առաջին գծում, տեսնել զինվորների առօրյան, շփվել նրանց հետ և անցկացնել հարցազրույցներ:

Arrow
Arrow
Slider

«Լրագրողների համահայկական համաժողովների շնորհիվ ամրապնդվում է աշխարհի հայկական ԶԼՄ-ների միջև կապը». Տիգրան Հարությունյան

%d5%bf%d5%ab%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6Հոկտեմբերի 20-24-ը կայանալիք «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին ընդառաջ՝ «Հայերն այսօր»-ը զրուցել է Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Հարությունյանի հետ:

— Պարո´ն Հարությունյան, Լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումը, առհասարակ, ի՞նչ նպատակ ունի:

— Հայ լրագրողների և հայկական լրատվամիջոցների ղեկավարների համախմբումը մեր կազմակերպության՝ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության հիմնական նպատակներից մեկն է։ Այդ նպատակի իրագործմանն է ուղղված, մասնավորապես, լրագրողների համահայկական համաժողովների կազմակերպումը՝ սկսած 2002 թվականից: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող այդ համաժողովներն ի թիվս այլ հարցերի, նպատակ ունեն նպաստելու աշխարհի հայկական լրատվամիջոցների միջև լրատվական համերաշխության և համատեղ աշխատանքի մթնոլորտի ձևավորմանը, և արդյունքում՝ հայկական մամուլի ուժերի կոորդինացման, փոխհամաձայնեցված աշխատանքի միջոցով հասնել համահայկական, ազգային նշանակության խնդիրների լուծմանը: Իսկ այդ խնդիրները բոլորիս համար ակնհայտ են. աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Ղարաբաղյան հարցի արդարացի լուծումը և աշխարհում խնդրի ճշգրիտ ներկայացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք տնտեսական, մշակութային և այլ կապերի ստեղծումն ու ամրապնդումը, Հայաստանի տնտեսական հզորացումը և միջազգային ներգրավվածության մեծացումը, Հայաստանում ժողովրդավարության կայացումը և Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը։

Վստահ եմ, որ աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական լրատվամիջոցների միասնական աշխատանքը միայն կարող է նպաստել ազատ, ժողովրդավարական Հայաստանի՝ համայն հայության գաղափարախոսական և մշակութային կենտրոն դառնալուն, հայկական մշակութային արժեքների պահպանմանը և տարածմանը, ընդհանուր համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը, լրատվության փոխանակման հնարավորությանը։

— Լրագրողների համահայկական համաժողովները մինչ այժմ շոշափելի ի՞նչ արդյունքների են հասել, ձեռքբերումները որո՞նք են:

— Լրատվամիջոցների առաջին համահայկական համաժողովը տեղի է ունեցել 2002 թվականին՝ Եվրոպայում, և կրում էր «Եվրոպահայ մամուլի առաջին ֆորում» անվանումը։

Դրան հաջորդել են 2003 և 2006 թվականների «Լրատվամիջոցների համահայկական համաժողովները» Հայաստանում։ Հենց երկրորդ համաժողովի ընթացքում (2003 թ., Ծաղկաձոր) առաջացավ գաղափար, իսկ երրորդ համաժողովի ընթացքում (2006 թ., Ծաղկաձոր) իրականացվեց մեր կազմակերպության՝ «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» ստեղծումը։ Ստեղծվեց նաեւ «Հայերն այսօր» էլեկտրոնային տեղեկագիրը, որը հետագայում, ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծվելուց հետո, դարձավ նախարարության պաշտոնական պարբերականը։ Հետագա 10 տարիների ընթացում ընկերակցության և հաջորդ համաժողովների ընթացքում է´լ ավելի ամրապնդվեցին կապերը աշխարհի տարբեր երկրներում գործող լրատվամիջոցների միջև, և որպես հետևանք՝ ընդլայնվեց համագործակցությունը, լրատվության փոխանակումը և այլն։

Եթե առաջին համաժողովները իրականացել էին կազմակերպիչների (հիմնականում «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի) էնտուզիազմի, տարբեր հովանավորների ֆինանսական աջակցության շնորհիվ, ապա չորրորդ համաժողովից սկսած, Հայաստանի Հանրապետությունը, սկզբում Մշակույթի, և ապա Սփյուռքի նախարարության միջոցով, սկսեց օժանդակել լրատվամիջոցների համահայկական համաժողովների իրականացմանը։

Համաժողովները սկսեցին ունենալ նաև որոշակի թեմատիկ ուղղվածություններ։ Այսպես, հինգերորդ համաժողովի թեման էր՝ «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը», վեցերորդինը՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ», յոթերորդը նվիրված էր քարոզչության, հակաքարոզչության, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներին։

— Ակնկալիքները որո՞նք են լրագրողների համահայկական 8-րդ համաժողովից: Ձեր կարծիքով ի՞նչ նոր հանգրվանի կհասնի Հայաստանի և Սփյուռքի լրատվադաշտի փոխգործակցությունը:

— Հոկտեմբերի 20-24-ին Երեւանում սկսվելու է և Ստեփանակերտում ավարտվելու է «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը։ Կարծում եմ, Երևան-Ստեփանակերտ առանցքի ընտրությունը խորհրդանշական է, և որոշակի, շատ հասկանալի ուղերձ է պարունակում իր մեջ։ Միայն արտերկրից համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել արդեն հարյուրից ավելի լրատվամիջոցներ։ Համաժողովը ուղիղ հեռարձակվելու է համացանցով և լինելու է նաև ինտերակտիվ․ աշխարհի տարբեր երկրներից հայ լրագրողները կարողանալու են մասնակցել համաժողովի աշխատանքներին համացանցի միջոցով, հարցեր տալ, առաջարկություններ անել, ելույթներ ունենալ և այլն։ Ի դեպ, այս առցանց հեռարձակման հնարավորությունը ևս արդյունք է նախկին համաժողովների ընթացքում ձեռք բերված գործարար կապերի և ստեղծված համատեղ ծրագրերի:

Նշեմ նաև, որ ինչպես նախորդ համաժողովների ընթացքում, այնպես էլ այս անգամ համաժողովի բոլոր նյութերը` ընդունված հայտարարությունները, ելույթները, տեսագրությունները, կամփոփվեն «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» www.mediaforum.am կայքում։

Կարծում եմ՝ այս համաժողովը կլինի հերթական հզոր քայլն աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական լրատվամիջոցների միջև կապը և արդյունավետ համագործակցությունը զարգացնելու գործում։ Հուսով եմ, որ համաժողովի ընթացքում կընդլայնվի նաև «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» անդամների թիվը (ինչպես որ եղել է նախորդ համաժողովների ընթացքում), կհաստատվեն կազմակերպության նոր ծրագրերը և գործունեության ուղղությունները։

Գևորգ Չիչյան

hayernaysor.am

Հոկտեմբերի 20-24-ը տեղի կունենա Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը

OLYMPUS DIGITAL CAMERA

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, 2016թ. հոկտեմբերի 20-22-ը՝ Երևանում, հոկտեմբերի 23-24-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, կազմակերպում է «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որին կարող են մասնակցել Հայաստանի, Սփյուռքի և Արցախի լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ, օտարալեզու հայկական ԶԼՄ-ներում, ինչպես նաև ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողներ:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի թեմատիկ ուղղություններն են`

Սփյուռքի ներգրավման միջոցները ՀՀ պետականաշինության աշխատանքներում

ՀՀ դիվանագիտական — Սփյուռքի հասարակական կազմակերպություների համագործակցության ուղիները

Տեղեկատվական միացյալ համակարգի նախադրյալները և համապատասխան մեխանիզմները

Համահայկական ներուժի հավաքագրում և ուղղորդում դեպի Հայոց պետականության ամրապնդում

Սփյուռքյան կառույցները կամուրջ ՀՀ և տարբեր պետությունների հարաբերությունների զարգացման գործում

Սփյուռքը ՀՀ-ին զորակից` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներում

Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները և հետագա անելիքները

Խրախուսվում է նաև ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցությունը վերոնշյալ համաժողովին, քանի որ աշխատելով օտար ԶԼՄ-ներում` նրանք առավել մեծ հնարավորություն ունեն ձևավորելու տվյալ երկրի հանրության կարծիքը հայկական իրականության վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում Դուք կարող եք բազմակողմանի տեղեկություններ քաղել Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի և Սփյուռքի Ձեր գործընկերներից: Հնարավորություն կունենաք հանդիպել ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, կայցելեք ՀՀ և ԼՂՀ պատմամշակութային վայրեր…

ՀՀ սփյուռքի նախարարությունը հոկտեմբերի 20-24-ը կհոգա գիշերակացի և սննդի ծախսերը:

Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը հաստատել Ձեր կամ Ձեր աշխատակցի մասնակցությունը համաժողովին հետևյալ էլեկտրոնային հասցեով info@mindiaspora.am, ինչպես նաև, ցանկության դեպքում, առաջարկել զեկուցման համար Ձեր թեման` հաշվի առնելով համաժողովի օրակարգը:

Տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնված նիստը

1Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնված նիստը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Նիստը վարեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:

3Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նիստին մասնակից բոլոր խմբագրապետերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ: «Բոլորս ոգեշնչվեցինք 25-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսով և հպարտության աննկարագրելի զգացումով հետևեցինք հայոց բանակի և հայկական զինուժի նման փառահեղ ցուցադրումներին, — նշեց Հ.Հակոբյանը՝ հավելելով, — անկախ Հայաստանի կերտման և զարգացման գործում իր մեծ ներդրումը բերեց հայկական Սփյուռքը՝ դառնալով հավերժ ներկայություն Հայրենիքում»:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նաև հեռակապով նիստին միացած Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանին՝ թերթի 85-ամյակի առթիվ և հոբելյանական միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար:

2Անդրադառնալով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի կազմակերպման աշխատանքներին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավասարապես արտահայտվելու հնարավորության ընձեռումը: «Վստահ եմ, որ մեր ընդունած հագեցած օրակարգի քննարկման շրջանակներում կհնչեն բազմազան կարծիքներ և առաջարկություններ: Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա գործակցության հանրագումարներին և հետագա անելիքներին վերաբերող բոլոր հարցերը կլսվեն, կմեկտեղվեն և կուղենշվեն առաջիկա ծրագրերը», — ընդգծեց նա:

Օրակարգում էին ս.թ. հոկտեմբերի 20-24-ը Հայաստանում և Արցախում կայանալիք Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ծրագրի նախագծի քննարկման, ըստ թեմատիկ ուղղությունների՝ նիստերի բաշխման, Ստեփանակերտից հեռակապով մասնակցության և Արցախից ուղիղ հեռարձակումների հնարավորությանը վերաբերող հարցեր:

Նիստին մասնակցեցին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ԱՄԷ-ի «Այգ» ռադիոյի գլխավոր խմբագիր Շաքե Մանկասարեանը, նախարարության աշխատակիցներ:

Հեռակապով նիստին մասնակցեցին Ռուսաստանից «Նոեվ կովչեգ» մեդիայի տնօրեն Գրիգոր Անիսոնյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Լիբանանի «Խօսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը և Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, որոնց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նիստին միանալու համար:

4Քննարկվեցին տեղեկատվական միացյալ համակարգի ստեղծման նախադրյալներին և համապատասխան մեխանիզմներին, Հայաստանի դիվանագիտական-Սփյուռքի հասարակական կազմակերպությունների համագործակցության ուղիներին, ՀՀ պետականաշինության աշխատանքներում Սփյուռքի ներգրավման միջոցներին, Հայոց պետականության ամրապնդման նպատակով համահայկական ներուժի հավաքագրմանը և ուղղորդմանը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներում Սփյուռքի զորակցությանը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա գործակցության հանրագումարներին և հետագա անելիքներին վերաբերող հարցերը համաժողովում ներկայացնելու ձևաչափերը:

Older posts «